ՙԱՐՑԱԽԳԱԶ՚ ՓԲԸ 2015Թ.-Ի ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՆԻՍՏ

Հունիսի 8-ին տեղի ունեցավ «Արցախգազ» ՓԲԸ տարեկան նախահաշվի կատարողականը հաստատող հաշվետու նիստ, որին ներկա էր ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարար Անդրանիկ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախարարը նիստը հայտարարելով բացված, նախ ողջունեց ներկաներին, ապա անդրադառնալով 2015 թվականի ընթացքում Ընկերության գործունեությանը նշեց, որ տարին բավականին արդյունավետ էր:

Ըստ օրակարգի, հաշվետու ելույթով հանդես եկավ «Արցախգազ» ՓԲԸ գործադիր-տնօրեն Սեյրան Միքայելյանը: Հանրապետություն ներմուծված և իրացված գազի ծավալների մասով Ս. Միքայելյանը մասնավորապես ասաց.

-2015թ. Հանրապետություն է ներմուծվել մոտ 45.0 մլն խ/մ բնական գազ, որը 2014թ. համեմատությամբ աճել է 3.5%-ով: Բնական գազի իրացումը կազմել է 42.6 մլն խ/մ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.1%-ով:

Տնօրենի խոսքով գազափոխադրման և բաշխիչ ցանցերում բնական գազի կորուստները չեն գերազանցում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկային նորմերը:

2015թ. բնակիչ-բաժանորդների քանակը 2015թ.-ին աճել է 2%-ով (կամ 481 բաժանորդով), իսկ հիմնարկ-ձեռնարկություններինը` 3.8%-ով (կամ 35 հիմնարկ-ձեռնարկություններով):

Շարունակելով ելույթը «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Միքայելյանը նշեց նաև, որ հաշվետու տարվա ընթացքում շինհավաքակցման աշխատանքների կազմակերպման, վթարակարգավարական և վթարավերականգնման ծրագրերի շրջանակներում իրականացվել է մոտ 198.1 մլն դրամ գումարի ներդրում: Այդ նպատակներով սեփական միջոցներով ծախսվել է` 96.6 մլն. դրամ, պետական պատվերով` 5.0 մլն. դրամ, բնակչության պատվերով` 14.1 մլն դրամ, այլ պատվերներ` 82.4 մլն. դրամ:

Հիմնականում 2015թ. Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում կատարվել են անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ, նաև Ընկերության հաստատված ծրագրի համաձայն իրականացվել են բնակարաններից գազահաշվիչների դուրս բերման և հարակից տարածքներում տեղադրման աշխատանքներ: Գազահաշվիչների դուրս բերումը բնակելի տներից հնարավորություն է տալիս Ընկերությանը առավել ուժեղացնել վերահսկողությունը գազի ծախսի ուղղությամբ, կրճատել գազի կորուստները և օպտիմալացնել վերջիններիս սպասարկումը: Այս գործողությունը կրում է շարունակական բնույթ, մինչ տրամաբանական ավարտին հասցնելը:
Ընկերության կադրային քաղաքականությունը միտված է ապահովելու օպտիմալ հավասարակշռություն աշխատողների քանակական և որակական ցուցանիշների պահպանման և անձնակազմի նորացման գործառույթների միջև` համաձայն Ընկերության պահանջների և արդի աշխատանքի շուկայի իրավիճակի:

Առաջիկա ծրագրերին անդրադառնալով Ս. Միքայելյանն ասաց.

-Գազամատակարարման բնագավառում արդյունավետ կառավարում իրականացնելու, գազահամակարգը առավել հուսալի և անվտանգ դարձնելու նպատակով ծրագրավորվել են ներքոնշյալ միջոցառումները.

• Ասկերանի, Մարտակերտի շրջկենտրոններում, ինչպես նաև Տողի և Խաչենի արտադրաշահագործման տեղամասների գրասենյակային պայմանների կարգավորում` շուրջօրյա վթարավերականգնման-կարգավարական 1-04 ծառայություններով:

• գազասպառողների կողմից գոյացած ապառքի 100% մարում

• բնական գազի կորուստների ծավալների թույլատրելի մակարդակի պահպանում և նույնիսկ իջեցում:

Վերոհիշյալ խնդիրների լուծումը կապահովի Ընկերության կառավարման հեռանկարային կայունություն, հուսալի և անվտանգ գազամատակարարում, որն էլ իր հերթին կխթանի ԼՂՀ տնտեսական կայուն զարգացումը,- եզրափակեց իր խոսքը գործադիր տնօրենը:

Այնուհետև, օրակարգի համաձայն, Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, 2016թ. վերաբերյալ հաստատված նախահաշիվը, փաստացի կատարողականը և ֆինանսական արդյունքները ներկայացրեց »Արցախգազ« ՓԲԸ ֆինանսների և էկոնոմիկայի գծով վարչության պետ Ե. Միքայելյանը.

-«Արցախգազ» ՓԲԸ հաշվապահական հաշվառման քաղաքականության մոտեցումները հիմնված են հաշվապահական հաշվառման բնագավառում գործող իրավական նորմերի վրա:

Հաշվետու ժամանակահատվածի վերջում Ընկերությունը տնօրինում է շուրջ 6.3 մլրդ. դրամ ոչ ընթացիկ ակտիվների: Սեփական կապիտալը կազմում է 4.1 մլրդ. դրամ , որից 5.0 մլրդ. դրամը կազմում է կանոնադրական կապիտալը:

Հաշվետու տարում հարկային պարտավորությունների մարման համար Ընկերության կողմից բյուջե է փոխանցվել շուրջ 1 մլրդ. 903մլն. դրամ:

«Արցախգազ» ՓԲԸ կողմից 2015թ. գնումների կազմակերպման ուղղությամբ իրականացվել է շրջանակային համաձայնագրերի մասով 19 մրցույթ: Գնումների շրջանակներում կնքված պայմանագրային գումարները կազմել են` շրջանակային համաձայնագրերի մասով 77.8 մլն. դրամ: Տնտեսված միջոցները կազմել են 2.2 մլն. դրամ:

Նախարար Ա. Խաչատրյանը ողջունեց այն հանգամանքը, որ «Արցախգազ» ՓԲ ընկերությանը, ի տարբերություն այլ ընկերությունների, հաջողվել է նախորդ տարվա ընթացքում ապահովել շահույթ հույս հայտնելով, որ ընթացիկ տարում ևս կպահպանվի գործունեության նույն տեմպերը՝ առավել զարգացնելով ցուցանիշները:

«Արցախգազ» ՓԲԸ տարեկան գործունեության արդյունքների վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Բաղդասարյանը: Վերջինս մասնավորապես ասաց.

-Ստուգվեցին վերոհիշյալ ընկերության գործունեության ծավալման համար լիցենզիաների և դրանց կից փաստաթղթերի առկայությունը, ընկերության կանոնադրությունը, ընկերության իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը պայմանագրերը բաժանորդների հետ, դրանց պայմանների խախտման հետ կապված դատական գործերը, աշխատանքային պայմանագրերը:

Արձանագրել ենք, որ Արցախգազ ՓԲ ընկերության իրավական փաստաթղթերը գտնվում են պատշաճ վիճակում: Բոլոր պայմանագրերը կնքված էին օրենսդրությամբ սահմանված կարգով, անպարտաճանաչ բաժանորդների դատական գործերը պահվում են առանձին-առանձին փաթեթներով, իսկ ընկերության ծավալած գործունեությունը համապատասխանում է ընկերության լիցենզիայի պայմաններին:

2015թ.-ի ընթացքում իրականացված աշխատանքները ներկայացրեցին նաև Արցախգազ ՓԲԸ Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Տողի և Խաչենի արտադրաշահագործման տեղամասերի պետերը:

Նիստի վերջում ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարը արդյունավետ գնահատեց Ընկերության գործունեությունը ոլորտի զարգացման համար: Եզրափակելով նիստը նախարարը ասաց.

- Տարվա ընթացքում կարողացել ենք հանրապետությունում ապահովել անխափան գազամատակարարում, ժամանակին արձագանքել ու շտկվել են բոլոր վթարները, ցանցում կորուստները ևս եղել են սահմանված նորմերի շրջանակներում:

Նշված ձեռքբերումների կողքին կցանկանայի ընդգծել նաև ոլորտի աշխատողների դերը ապրիլյան պատերազմի օրերին: Ձեր մասնագիտական հմտությունների շնորհիվ Ձեզ հաջողվեց սեղմ ժամկետներում ռմբակոծության հետևանքով առաջացած տեխնիկական վթարները շուտափույթ շտկել ու անխափան գազամատակարարում ապահովել արկակոծված բնակավայրերում: Հատկապես կցանկանայի ընդգծել Մարտակերտի ԱՇՏ-ի գործունեությունը ռազմական գործողությունների ամենաթեժ պահերին անգամ չի դադարեցվել շրջկենտրոնի ստրատեգիական օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը կարողացել է արժանապատվորեն կատարել իր առջև դրված խնդիրներն ու պահանջները: